ԱՕԿՍ-ի շենքի պատմությանը նվիրված ցուցահանդես Աֆրիկյանների առանձնատանը
Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, «Կերոն» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է հատուկ ցուցահանդես, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորության վրա՝ հատկապես շեշտադրելով երիտասարդ սերնդի ներգրավվածությունը։ Ցուցահանդեսը կգործի Աֆրիկյանների առանձնատան առաջին հարկում մինչև մայիսի 18-ը՝ «Թանգարանային գիշերը», և բաց կլինի բոլոր ցանկացողների համար։
«Կերոնը», կարևորելով Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, իրականացնում է Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի և Պուշկին 38 հասցեում գտնվող Աֆրիկյանների պատմամշակութային առանձնատան վերականգնման աշխատանքները՝ վերակենդանացնելով դրանց պատմական շունչն ու նշանակությունը։
Պուշկինի փողոցով անցնելիս դժվար է անտեսել սև տուֆից կառուցված 124-ամյա շենքը, որը գրավում է և՛ երևանցիների, և՛ հյուրերի ուշադրությունը։ 20-րդ դարի տաղանդավոր ճարտարապետ Վասիլ Միրզոյանի նախագծած շենքը Երևանում պահպանված մինչթամանյանական շրջանի եզակի քանդակազարդ կառույցներից մեկն է։
Աֆրիկյանների ընտանիքը, որին պատկանել է շենքը, նշանակալի դերակատարում է ունեցել Երևանի տնտեսական և հասարակական կյանքում։ Նրանք հիմնել են գինու, կոնյակի և օղու արտադրություն, բամբակի մշակման ձեռնարկություններ, պահածոների գործարան և նպաստել քաղաքի ջրամատակարարման համակարգի ստեղծմանը։ Նրանց նախաձեռնությամբ 1911 թ. խմելու ջուրը հատուկ խողովակներով հասել է Երևան, և առ այսօր քաղաքը սնուցվում է այդ նույն աղբյուրից։
Շենքի ներքին հարդարանքը առանձնանում է մինչև 6 մետր բարձրությամբ նկարազարդ առաստաղներով, բազմերանգ տուֆից շախմատաձև պատերով և յուրահատուկ կավաշեն բուխարիներով։ Պահպանվել են տասը տարբեր տեսակի բուխարիներ, որոնցից ամեն մեկն ունի իր ոճային յուրահատկությունը, իսկ նկարազարդ առաստաղները հիշեցնում են վերածննդի դարաշրջանի գեղանկարչական նմուշներ։
Այսօր Աֆրիկյանների առանձնատանը «Կերոն» զարգացման հիմնադրամի գրասենյակն է։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պահպանել շենքի պատմական և ճարտարապետական արժեքները։ 2025 թվականի ապրիլից սկսած՝ հիմնադրամն ամեն ամիս կազմակերպում է բաց դռների օր, իսկ պատշգամբներից պարբերաբար հնչող կենդանի երաժշտությունը յուրահատուկ երևանյան մթնոլորտ է հաղորդում տարածքին։
Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը ևս կարևոր տեղ է զբաղեցնում Երևանի պատմամշակութային ժառանգության մեջ։ Այն կառուցվել է 1914–1915 թվականներին վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով և ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Շենքի առաջին հարկում գործել է Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցներից մեկը, որը հետագայում՝ խորհրդային իշխանության տարիներին, վերածվել է Հայաստանում առաջին տրոպիկական ինստիտուտի։
1944 թվականին շենքը տրամադրվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը (ԱՕԿՍ), որը նպաստել է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը։ Այստեղ կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և մշակութային միջոցառումներ, ինչպես նաև հրատարակվել է «Հայաստանն այսօր» բազմալեզու տեղեկատուն։
2022 թվականին շենքը ներառվել է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, իսկ 2023 թվականին հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ 2024 թվականին անցկացված աճուրդի արդյունքում «Կերոն» զարգացման հիմնադրամը, իր գործընկերների՝ «Նորք» ընկերությունների խմբի և «Մեզոն Մարոմ» ընկերությունների խմբի հետ ստացել է շենքի 10 տարվա վարձակալության իրավունքը։ Շուտով այս պատմական տարածքը նորից կբացի իր դռները՝ որպես արվեստի, նորաձևության և ստեղծարարության եզակի կենտրոն։
Շենքի համապարփակ վերականգնման աշխատանքներն ակտիվ փուլում են: Այս պահին փուլային մոտեցմամբ իրականացվում է պատուհանների ամբողջական վերականգնումը:
Աֆրիկյանների առանձնատան առաջին հարկում ապրիլի 18-ից մինչև մայիսի 18-ը կգործի ԱՕԿՍ-ի շենքի պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Այն հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ շենքի հարուստ անցյալին և նրա ճարտարապետական ու մշակութային նշանակությանը։
Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանը և հասարակության լայն շերտերի իրազեկմանը՝ ընդգծելով այն փաստը, որ պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև ապագայի զարգացման կարևոր հիմք։


