«Կերոն» զարգացման հիմնադրամը նշեց իր երկրորդ տարեդարձը

Ապրիլի 16-ին «Կերոն» զարգացման հիմնադրամը հանդիսավոր կերպով նշեց իր գործունեության երկրորդ տարեդարձը՝ կազմակերպելով հիշարժան գալա երեկո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատմամշակութային միջավայրում։

Միջոցառումը համախմբել էր հիմնադրամի բարեկամներին, հյուրերին, գործընկերներին և աջակիցներին՝ ստեղծելով ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։ Երեկոն հյուրերի համար վերածվեց բազմաշերտ մշակութային փորձառության արվեստի, թատրոնի, նրբաճաշակ ընթրիքի և յուրահատուկ միջավայրի համադրությամբ։

Երեկոյի ծրագիրը հագեցած էր գեղարվեստական և իմերսիվ տարրերով, ինչպես նաև նրբաճաշակ գալա ընթրիքով։ Հատուկ կարևորություն ուներ Վերոնայի միջազգային Շեքսպիրյան Ֆրինջ փառատոնին Հայաստանը ներկայացնող “Ռոմեո և Ջուլիետ” ներկայացման դրվագների նախադիտումը։ Ներկայացման բեմադրիչ Ջոն Բլոնդելը «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից է, որն ԱՄՆ-ից է տեղափոխվել Հայաստան՝ իր մասնագիտական գործունեությունը շարունակելու և տեղական մշակութային կյանքին նոր շունչ հաղորդելու։ Արդեն այս ամռանը ներկայացումը կուղևորվի Հայաստանից դուրս՝ մասնակցելու միջազգային փառատոնի:

Երկու տարում «Կերոն» զարգացման հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է մի շարք ուշագրավ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի զարգացմանը և մեր երկրում միջավայրի փոփոխմանը: Այս տարեդարձի միջոցառումը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև ապագայի տեսլականի վերահաստատում, այն է՝ շարունակել ստեղծել արժեք և դրական փոփոխություններ Հայաստանի համար։

«Կերոն» զարգացման հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր հյուրերին, գործընկերներին և աջակիցներին վստահության և ճանապարհը համատեղ անցնելու համար։